Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների տարածքային բաժինների պետերի հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այսօր աշխատանքային քննարկում է ունեցել մարզային իշխանության ներկայացուցիչների եւ մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ՝ հիմք ընդունելով կառույցների արձանագրած թերացումները համապատասխան ոլորտներում։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանը։
Կարևորելով Շիրակի մարզպետարանի և տեսչական մարմինների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է կառույցների կողմից իրականացվող գործառույթների իրականացմանն ու փոխգործակցության արդյունքում դրանց արդյունավետության բարձրացմանը։
«Անմիջական փոխգործակցությամբ ու համատեղ աշխատանքով հնարավոր կլինի առկա խնդիրներին արդյունավետ արձագանքելու և լուծման ուղիներ գտնելու»,-ասել է մարզպետը։
Տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները ներկայացրել են անցած ինն ամիսներին իրականացված վերահսկողական ստուգայցերի, արձանագրված թերացումների, խախտումների մասին տվյալներ, մասնավորապես, ինքնակամ շինարարությանն ու սննդամթերքի անվտանգությանը, բնապահպանական օրենսդրական նորմերի պահպանմանը։
Մարզպետն ընդգծել է բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև համայնքների հետ համագործակցության սերտացումը։
Կարծիքներ