Ցնցված ենք, թե ինչպես ԼՂ հայերը լքեցին իրենց տները, վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա. ՄԱԿ-ի առաքելություն
Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ամրապնդել վստահությունը, ինչը կպահանջի բոլոր կողմերի ջանքերը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հիշեցրել է, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի ղեկավարությամբ առաքելության այցի նպատակն էր «գնահատել իրավիճակը տեղում և որոշել հումանիտար կարիքները» թե՛ Լեռնային Ղարաբաղում մնացած, և թե՛ փախած բնակիչների(բռնի տեղահանված- խմբ.) համար։
Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակչության հետ և ծանոթացել առողջապահության և կրթության ոլորտում տիրող իրավիճակին։
«Առաքելությունը ցնցված էր նրանից, թե ինչպես հանկարծ տեղի բնակչությունը լքեց իր տները և այն տառապանքից, որը պատճառվել է նրանց: Կազմակերպությունը «արձագանքում է նոր ժամանող (փախստականների) կարիքներին Հայաստանի ընդունման կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանում ՄԱԿ-ի աշխատակիցները ծրագրում են շարունակել կանոնավոր այցելությունները տարածաշրջան:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի էր ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:
Կարծիքներ