ՀՀ-ում դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին և դրանով պաշտպանում հայկական ժողովրդավարությունը․ Պապոյան
Շարունակվում են ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Կանադայի խորհրդարանում։ Այսօր նրանք հանդիպել են խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Գրառման մեջ ասված է․
«Հանդիպման ընթացքում պարոն Օլիֆանթը շատ բարձր գնահատեց 2018թ խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները և հայտնեց Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին։
Այս համատեքստում մեջբերեցի երեկվա՝ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումից մի դրվագ, որտեղ պարոն խոսնակը նշել էր, որ Կանադան, որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան։
Բարձր գնահատեցինք Կանադայում մեկնարկած գործընթացները՝ Հայաստանում դեսպանատուն բացելու ուղղությամբ, և այդ համատեքստում Կանադացի գործընկերն արձանագրեց, որ նաև դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ դրանով պաշտպանում է հայկական ժողովրդավարությունը։
Զրույց ծավալվեց նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակահումանիստական և վայրագ շարունակական գործողությունների և օրակարգային այլ կարևոր հարցերի շուրջ»։
Կարծիքներ