Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ

Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմաններին։

Ադրբեջանի նույն խոսույթն է, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է՝ կստորագրեմ, եթե՝ ու գնում են եթեները, օրինակ՝ եթե Սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ՝ նորն ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին, ըստ էության, Հայաստանն ասել է՝ դեմ չեմ, եթե ստորագրենք՝ նոր: Բայց չեք կարծո՞ւմ, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշելու, օրինակ ասելու է՝ ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որ ինքը արևմտյան Ադրբեջան է կոչում, «Զանգեզուրի միջանցքն» ուզի

 

Պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց.

 

«Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, և կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա, օրինակ՝ ո՞ր հարցերն են, որ քննարկելի են. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։

 

Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք՝ քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել և արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա: Բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Սա կարևոր նրբություն է, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, դա քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ, ոնց, ինչպես, նորից եմ ասում, ժամկետը նպատակ չէ»:

Այսինքն՝ արդեն համաձա՞յն եք մինչև ստորագրելը լուծարել՝ դիտարկմանն ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նկատեց.

 

«Ես նորից եմ ասում, մեր նպատակը ժամկետը չէ, մեր նպատակը բովանդակությունն է, այսինքն՝ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք, կամ բովանդակության հասցեագրման ի՞նչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի և վստահելի կթվա, իհարկե՝ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների։

 

Հիմա ի՞նչը քննարկելի չէ։ Օրինակ՝ տեսեք, ես նախկինում ասել եմ, որ նույն արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ, ինչո՞ւ, որովհետև երբ մեր երկրի տարածքի 60%-ն անվանում են արևմտյան Ադրբեջան, դա մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում է, և չեմ կարծում, թե որևէ երկիր որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը և տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ և դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով, և արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը, նկատի ունեմ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն, ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, և էլի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են:

 

Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, նորից բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում, բայց հարցը ո՞րն է, օրինակ՝ մենք տեսնում ենք և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»։

 

Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի պայմանագիրը: Պատասխանելով հարցին վարչապետն ասաց պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը Խորհրդային Միության, ըստ էության, սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել: Եվ բացի դա՝ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։

«Երկրորդը, մեր Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրներն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։

 

Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին: Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։

 

Շատ կարևոր է, նորից ասում եմ՝ նպատակը և միջոցը պետք է չխառնենք և չշփոթենք իրար հետ։ Մեծ հաշվով՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքը ձևավորվել է որպես խաղաղության գործիք՝ իր տրամաբանությամբ, խաղաղության հասնելու գործիք։ Եթե մենք ունենք խաղաղություն, ինչո՞ւ պիտի, հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը»,- մանրամասնեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում