Մաղթում եմ, որ չլինի գեթ մեկ հղիության ընդհատման դեպք, որը պայմանավորված կլինի պտղի սեռով․ Արսեն Թորոսյան

Մաղթում եմ, որ չլինի գեթ մեկ հղիության ընդհատման դեպք, որը պայմանավորված կլինի պտղի սեռով․ Արսեն Թորոսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կանանց շնորհավորել է Մարտի 8-ի տոնի առթիվ։

Նա դստեր հետ լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել․

«Ինձ համար վաղուց Մարտի 8-ը կանանց մեծարելու և ծաղիկներ նվիրելու օր չէ, այլ մի օր, երբ ևս մեկ անգամ պետք է հիշենք կանանց իրավունքների և այդ իրավունքների հավասարության մասին, մի օր, որը ևս մեկ անգամ կարձանագրի, որ շատ անելիք կա այդ ուղղությամբ։

Այս օրով ցանկանում եմ, որ կանայք և տղամարդիկ ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի մեր դուստրերը, կանայք, քույրերը և մայրերը երբևէ չենթարկվեն ընտանեկան բռնության, որպեսզի նրանք երբևէ չենթարկվեն խտրականության ուսման անցնելիս կամ ընթացքում, աշխատանք փնտրելիս կամ որևէ կարևոր պատասխանատվություն ստանձնելիս կամ որևէ այլ դեպքում։

Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ կանանց իրավունքների անհավասարությունից դրդված՝ չլինի գեթ մեկ աղջիկ երեխա, որ անցանկալի կլինի իր ծնողների կամ տատիկ-պապիկների համար, որ չլինի գեթ մեկ հղիության ընդհատման դեպք, որը պայմանավորված կլինի պտղի սեռով։ Այս ամենում ամենաշատը ես կարևորում եմ հենց կանանց դերը միմյանց նեցուկ կանգնելու, միմյանց իրավունքները պաշտպանելու հարցում, և ոչ թե հակառակը, երբ կանայք են նպաստում հենց իրենց իրավունքների ոտնահարմանը։

Շնորհավոր մարտի 8»:

Հետգրությամբ Թորոսյանը հավելել է, որ լուսանկարում իր աղջիկն է, որի համար ինքը ջանք չի խնայում, որպեսզի նա ապրի իրավահասար երկրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում