Տարհանել Արմավիրի բնակչությանը և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրիում․ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել
Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատու աշխատակիցներ։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել ու դրա կարևորության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հորդորելով վարժանքների պատասխանատուներին լինել առավել զգոն և ուշադրություն դարձնել պլանով նախատեսված յուրաքանչյուր գործողության։
Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ, Շիրակի մարզի բնակչության տարահանման հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Մանուկյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Ուսումնավարժանքի մտահղացման համաձայն, ՀԱԷԿ ռեակտորի հովացման համակարգի առաջնային ուրվագծում առաջացել է ջրի արտահոսք և տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից, անհրաժեշտություն է առաջացել Արմավիր քաղաքի բնակչությանը տարահանել և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում:
Ելնելով ստեղծված իրավիճակից և համաձայն ստացված ներմուծականների՝ բոլոր ծառայությունների և մարզային տարահանման հանձնաժողովի կողմից առանձին զեկույցներով ներկայացվել են իրականացվելիք գործողությունները։
Ուսումնավարժանքի նպատակն է ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիրից Գյումրի տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման գործում, ստուգել «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովի պլանի» իրատեսությունը և կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև:
Կարծիքներ