Կայացել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ երկրորդ կլոր սեղան-քննարկումը
Նոյեմբերի 23-ին կայացել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, քննարկմանը մասնակցում էին նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳ նախարարության, ոստիկանության, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսք է ասել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և արդյունավետ համագործակցության համար։ Խոսելով Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի մասին՝ Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք ուղղություններ։
«Առաջինը՝ օրենսդրականն է, և այսօր հենց այդ բլոկին վերաբերող հարցերն ենք քննարկելու: Երկրորդ ուղղությունը, բնականաբար, վերաբերում է վերապատրաստմանը։ Օրենքում կան հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են թե՛ հատուկ պատրաստությանը, թե՛ վերապատրաստմանը Ոստիկանության գվարդիայի ծառայողների։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ բացի օրենսդրական լավ հիմքից, պետք է լինի նաև կրթական պատշաճ կազմակերպված բաղադրիչ, որը թույլ կտա դրանց համախմբման արդյունքում պրակտիկային լավ արդյունքներ գրանցել»,-նշել է փոխնախարարը։
Որպես երրորդ ուղղություն՝ Արփինե Սարգսյանն առանձնացրել է Ոստիկանության գվարդիայի մասին հարկադրանքի կիրառման խնդիրը, ինչի կապակցությամբ փորձագետների կողմից վեր է հանվել եվրոպական լավագույն փորձը և դրա հաշվառմամբ առաջարկվել են նոր կարգավորումներ։
Ընդգծվել է, որ Ոստիկանության գվարդիայի ծառայողի համար ամրագրվել են այն չափանիշները, որոնց հիման վրա նա կոնկրետ իրավիճակներում պետք է որոշում կայացնի ու գործի, անձի համար որոշակիացվել են նրա թույլատրելի վարքագծի շրջանակները և կանխատեսելի են դարձվել հարկադրանքի կիրառման հնարավորություններն ու սահմանները, իսկ անկողմնակալ դիտորդի համար սահմանվել են անձի և ոստիկանի վարքագիծը գնահատելու օբյեկտիվ չափորոշիչներ։
Ելույթ է ունեցել նաև Մաքսիմ Լոնգանգեն՝ շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը համագործակցության համար։ Նա առանձնացրել է օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք նկատառումներ և այդ ուղղությամբ ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը։
Քննարկվել են նաև հարկադրանքի կիրառման սկզբունքների, ուժային միջոցների գործադրման իրավաչափության, անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքների մասին և թեմային առնչվող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոստիկանության գվարդիայի մասին քննարկում է եղել պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված է նաև քննարկում օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։
Քննարկումները կազմակերպվում են Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Կարծիքներ