Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ զգուշացրել, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց․ պարզաբանում
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝ ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով:
Սեպտեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մ. Պետրոսյանին զգուշացվել է համապատասխան փաստաթղթի բացակայության մասին և նշվել, որ ՆԳՆ վիզաների և անձնագրային վարչության բաժինը մինչև այդ օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն հնարավորաույթուն ունի տրամադրելու փաստաթուղթը և ԱԺ աշխատակազմը պատրաստ է ընդունել այն: Դեռ ավելին, այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին պարոն Մ. Պետրոսյանին տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է ընձեռում համալրել չներկայացված փաստաթուղթը: Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ «այս փուլում» չենք ներկայացնելու որևէ փաստաթուղթ:
Պարոն Բաբայանի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Դատական վճիռը նույն օրը կցվել է Սամվել Բաբայանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք»։
Վերոնշյալը բացարձակ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի համապատասխան բաժին «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից հարցի կապակցությամբ հ. 70 առ 05 սեպտեմբեր 2023 թվակիր դիմումից բացի որևէ այլ փաստաթուղթ չի մուտքագրվել:
Սամվել Բաբայանի և իր շուրջ համախմբված անձինք այսօրինակ սուտ տեղեկություններ տարածելով փորձում են հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ, միաժամանակ անհիմն բանսարկությամբ փորձում են վարկաբեկել ԱՀ պետական կառույցները, այդ թվում՝ ԱՀ նախագահական և Ազգային ժողովի ինստիտուտները, որը այլ բան չէ, քան թշնամու ցանկություններին տուրք տալը:
Ի դեպ իրականությանը չհամապատասխանող նման մի տեղեկություն է տարածել պարոն Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ: Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը:
Կարծիքներ