Ինչ գործի շրջանակում է Քննչական կոմիտե հրավիրվել Ռուբեն Մխիթարյանը. մանրամասներ

Ինչ գործի շրջանակում է Քննչական կոմիտե հրավիրվել Ռուբեն Մխիթարյանը. մանրամասներ

Պարզվում է՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող և ընտրապայքարի դուրս եկած պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը զրկված է եղել  տրանսպորտային միջոց վարելու իրավունքից ու չնայած դրան՝ մեքենա վարել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով հետևյալը.

«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան:

Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

Նշենք՝ Ռուբեն Մխիթարյանն ավելի վաղ հրապարակել էր իր և քննիչի հեռախոսազանգի տեսանյութը, որտեղ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդրով քննիչը Մխիթարյանին հրավիրում էր հարցաքննության ժամը 18։00-ին։

Այս կապակցությամբ ՔԿ-ից փոխանցեցին, որ տեսանյութից պարզ երևում է՝ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում:

«Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- նշեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որ քննիչի պահանջով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Մխիթարյանն ու նրա թիմը տեղի ունեցած բնականոն գործընթացը «քաղաքական» էին որակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում