ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120 հազարանոց ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում:
«Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանը շեշտել է գործուն քայլերի կարևորությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման նպատակով:
Կարծիքներ