Հայաստանը որպես անկախ պետություն, արժանի է հավասար և արդար վերաբերմունքի. Ռևազյանը՝ ԵՄ-ում ազգային ավիափոխադրողի նկատմամբ անհավասար վերաբերմունքի մասին
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շնորհավորել է հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնային»՝ համաշխարհային ճանաչում ունեցող IOSA անվտանգության հավատարմագիր ստանալու կապակցությամբ։
Տաթևիկ Ռևազյանն Ֆեյսբուքում նշել է, որ ավիացիայի ոլորտում ամենաբարդ աուդիտը հաջողությամբ անցնելն, իհարկե, արդյունավետ թիմային աշխատանքի և անվտանգային միջազգային ստանդարտներով աշխատելու մասին են վկայում։ Նա շեշտել է , որ IOSA հավատարմագիրը շնորհվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի կողմից ավիացիոն համաշխարհային ստանդարտներին ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանության մանրակրկիտ ուսումնասիրության և գնահատման արդյունքում։
«Ցավոք, այս լավ լուրի հետ մեկտեղ պետք է բարձրաձայնեմ այն անհավասար վերաբերմունքի մասին, որին արժանանում է ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնան»։ Մտահոգիչ է, երբ տեսնում ես, որ Եվրոպական Միությունը դեռևս չի ճանաչում «Ֆլայ Արնայի»՝ որպես առանձին ավիաընկերության ձեռքբերումները և միջազգային անվտանգային ստանդարտներով խիստ աշխատելաոճը և չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրականացումը։ Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հնարավորություն ավիացիայի պատմության մեջ արդեն տրվել է մի շարք այլ երկրների։ Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը հավատարիմ մնալ հավասարության և արդարության իրենց հանձնառությանը․ Հայաստանը, որպես անկախ պետություն, արժանի է հավասար և արդար վերաբերմունքի»,- գրել է Ռևազյանը։
Վերջերս Հայաստանը կնքել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր և, ցավոք, այդ համաձայնագրի առավելություններից այս պահին օգտվում են միայն ԵՄ օդային փոխադրողները, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններն այս պահին գտնվում են ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։
Ռևազյանը հիշեցրել է, որ ծառայելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում (նա կառույցը ղեկավարել է 2018-22 թվականներին-խմբ)՝ նախաձեռնել և Հայաստան է բերել Air Arabia խմբի ներդրումը և դա անելիս հաշվի է առել վերջինիս օրինակելի աշխատանքը՝ անվտանգային և գործառնական գերազանցության տեսանկյունից։ Այս քայլով Ռևազյանը նպատակ է ունեցել Հայաստան բերել ավիացիայի ոլորտում տարիների ընթացքում կուտակված լավագույն փորձը և գիտելիքները, որը կնպաստեր Հայաստանում ավիացիայի ոլորտի բարելավմանը և առաջընթացին։ Ըստ նրա՝ սա այն է, ինչ «Ֆլայ Արնան» անում է իր հիմնադրման առաջին օրվանից ի վեր։
«Ես հասկանում եմ, որ պետական ֆինանսավորմամբ կառույցները, ինչպիսին է ԵՄ-ն, սահմանափակված և կաշկանդված են հստակ քաղաքական օրակարգերով, սակայն խնդրում և կոչ եմ անում մեզ չօգտագործել անվտանգային մտահոգությունները քաղաքական օրակարգերի իրագործման նպատակով։ Նման քայլերով մենք վտանգում ենք համաշխարհային ավիացիայի ոլորտը՝ հակասելով ուղևորներին անվտանգ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելու գաղափարախոսությանը։ Այս մտահոգության մասին ես պատրաստվում եմ բարձրաձայնել Լիսաբոնում մյուս ամիս կայանալիք Ավիացիոն փառատոնի ժամանակ»,- նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավարը։
Նա գրառման վերջում կոչ է արել բոլորին միավորվել համընդհանուր ճշմարտության շուրջ․ այն է՝ անվտանգությունը չի ճանաչում սահմաններ։ Ավիացիայի ոլորտի կառավարման համար կիրառվող մեթոդաբանությունը և քաղաքականությունը, նրա պնդմամբ, պետք է լինի նույնը բոլոր ազգերի համար։
Կարծիքներ