Աշխարհում ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին

Աշխարհում ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին

«Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել բազմաթիվ դեղամիջոցների, բայց աշխարհում ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին»: ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Աշոտ Հակոբյանն արդեն 47 տարի բժշկական համալսարանում առաջնորդվում է այս հայտնի խոսքերով:

Սիրված դասախոսը մասնագիտական ողջ կյանքը նվիրել է բժշկական համալսարանին և ֆիզիկական դաստիարակությանը։

1973 թվականի սեպտեմբերի 16-ին առաջին անգամ մուտք է գործել ԵՊԲՀ: Սկզբում աշխատել է որպես ըմբշամարտի մարզիչ, այնուհետև մեկնել ծառայության Սովետական բանակում: Ծառայությունից հետո կրկին վերադարձել է և շարունակել աշխատանքային գործունեությունը: 1975-1976թթ. աշխատել է ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնում որպես լաբորանտ, 1978-1985 թթ.՝ ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, իսկ 1985-1993 թթ. որպես ավագ դասախոս: 1993-1999 թթ. Աշոտ Հակոբյանն աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, որից հետո կրկին վերադառնալով սիրելի բուհ՝ աշխատել է որպես ավագ դասախոս, իսկ այժմ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ է:

Սպորտին նվիրված մանկավարժն ամբիոնում կազմակերպել է սպորտային և առողջարարական բազմաթիվ միջոցառումներ՝ հանրապետական, քաղաքային, միջբուհական առաջնություններ, ինչպես նաև` արշավներ, ամառային ու ձմեռային ճամբարներ և այլն:

Աշոտ Հակոբյանը բազմաթիվ լավ հուշեր ունի ԵՊԲՀ-ի մասին: Հենց այստեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ռիտայի հետ, ով իր ուսանողն էր՝ մասնագիտությամբ մանկաբույժ: Այնուհետև ամուսնացել են և ունեցել երկու որդի: Այժմ ունի 6 թոռ:

Աշոտ Խաչիկովիչը, ինչպես դիմում են նրան բուհում, խոսելով համալսարանում անցկացրած տարիների մասին անդրադարձավ նաև դասախոս-ուսանող փոխհարաբերություններին, որոնք նրա կարծիքով շատ ջերմ են բուհում. ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտին սիրում են բոլորը՝ թե ուսանողները, թե շրջանավարտերը:

«Բժշկականում սերունդները հիմնականում իրարից են ժառանգում մասնագիտությունը: Հայրը, մայրը, տատը, պապը սովորել են այստեղ, այսինքն ուսանողի հետ ոչ թե նոր ես ծանոթանում, այլ, կարծես թե, արդեն ճանաչում ես: Բացի այդ՝ վատ երեխա չկա, կա վատ վերաբերմունք երեխայի հանդեպ: Երբ լավ ես վերաբերվում երեխային, սիրում ես, նա հասկանում է, որ սիրով էլ կարելի է ամեն ինչի հասնել: Երբ մարդուն սիրում ես, լավ ես վերաբերվում նա քո հանդեպ չի կարող վատ վերաբերմունք ցուցաբերել: Մեր սերունդն է, մեր ապագա բժիշկներն են, ինչպես կարելի է չուղղել, խորհուրդ չտալ»,-նշում է Աշոտ Հակոբյանը:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Աշոտ Հակոբյանը գործընկերների հետ հերթապահություն է իրականացնում բուհում՝ շարունակելով մեծ նվիրումով աշխատել բժշկական կրթօջախում:

Դասախոսը վստահ է՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է սիրի և խորությամբ ուսումնասիրի ընտրած մասնագիտությունը, ինչին նվիրելու է իր կյանքի գերակշիռ մասը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում