ԵԽ հանձնաժողովը աջակցել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 47 կողմ և 10 ձեռնպահ ձայնով Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում անդրադարձ կա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Զեկույցն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը` ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության։ Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և երախտագիտությամբ նշում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով եւս մեկ անգամ հորդորում են Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ պահպանել Թուրքիայում առկա հայկական մշակութային ժառանգությունը։
Զեկույցը ԵՄ-ին և Թուրքիային կոչ է անում դուրս գալ ներկա փակուղուց և գտնել «իրատեսական շրջանակ» ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ «Եթե թուրքական կառավարության կողմից կուրսի կտրուկ փոփոխություն չլինի, ներկայիս պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել»,-ասված է զեկույցում։
ԵԽ պատգամավորները հաստատում են, որ Թուրքիան մնում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, ՆԱՏՕ-ի դաշնակից և առանցքային գործընկեր անվտանգության, առևտրատնտեսական հարաբերությունների և միգրացիայի ոլորտում՝ ընդգծելով, որ Թուրքիայից ակնկալվում է հարգել ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները: Կոչ է արվում Թուրքիային վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առանց որևէ հետաձգման, և ընդգծվում է, որ մի երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը ոչ մի կերպ չի կարող կապվել մյուս երկրի՝ ԵՄ անդամակցության գործընթացի հետ։
Իսպանացի զեկուցող Նաչո Սանչես Ամորն ասել է. «Վերջերս մենք ականատես եղանք թուրքական կառավարության նոր շահագրգռվածությանը ԵՄ անդամակցության գործընթացի վերականգնման հարցում: Դա տեղի չի ունենա աշխարհաքաղաքական սակարկությունների արդյունքում, այլ այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրական հետաքրքրություն ցուցաբերեն՝ դադարեցնելով հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության շարունակական հետընթացը։ Եթե թուրքական կառավարությունն անկեղծ է դրանում, ապա պետք է դա ցույց տան կոնկրետ բարեփոխումներով և գործողություններով»։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու բանակցությունները փաստացի փակուղի են մտել 2018 թվականից՝ Թուրքիայում օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով։ Այժմ զեկույցը քվեարկության կներկայացվի Եվրախորհրդարանի հաջորդ լիագումար նիստերից մեկում:
Կարծիքներ