Զախարովան՝ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահի խոսքերի մասին
Միութենական պետությունը բաց է բոլորի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով հետխորհրդային տարածքում ինքնիշխան պետությունների միավորման հեռանկարների մասին, ասել էր, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կառուցված են հարուստ իրավական, դաշնագրային և ժողովուրդների ավանդական բարեկամության հիմքի վրա, և լավ կլիներ, որ ամենաբարձր մակարդակով հայտարարությունները համապատասխանեին բարեկամության մթնոլորտին։
«Նա (Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության ոլորտում միավորումների, տնտեսության և այլնի մասին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ դա անձամբ Լուկաշենկոյի տեսլականն է։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, Զախարովայի խոսքով, այն փակ կազմավորում չէ, այլ մասնակից պետությունների միավորման հնարավորություն է նախատեսում, եւ այդ տեղեկությունը վաղուց հայտնի է, գաղտնիքներ չկան։
Կարծիքներ