Խաղաղության պայմանագրի հարցում կա և՛ դրական դինամիկա, և՛ հետընթաց
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի այցի նպատակն այն է, որ եռակողմ ձևաչափով բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում և փորձենք առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման առումով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։
ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է նաև՝ կասկած չունի, որ խաղաղության պայմանագիրն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին և որ չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և իրենք այն ստորագրեն։
«Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, ՀՀ համար ստեղծվում է անվտանգության երաշխիքներ։ Ադրբեջանական կողմը բանավոր վստահեցնում է, որ ընդունում է ՀՀ 4 սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։ Այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության»,- ասել է Գրիգորյանը։
Խոսելով այլ հարցերին, Գրիգորյանն ընդգծել է, որ ՌԴ-ի հետ շարունակվում են զենքի մատակարարման շուրջ քննարկումները։
«2021 թվականից ի վեր կնքվել են զենքի մի քանի պայմանագրեր, որոնք չեն կատարվել, այժմ դրանց մի մասը վերանայվում և թարմացվում է»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ հիմա Հայաստանն ակնկալիքներ չունի ՀԱՊԿ-ից, քանի որ ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել Հայաստանի սահմանները, չի ճանաչել իր պատասխանատվության գոտին այս տարածաշրջանում, և դա լուրջ խնդիր է։
Կարծիքներ