Հանրապետական մարզական խաղեր 63 տարեկանից բարձր անձանց համար. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը:
Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթի 1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրելու են քաղաքային և գյուղական համայնքները, 2-րդ փուլինը` ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության համապատասխան վարչությունները և բաժինները: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համակարգելու է 2-րդ և 3-րդ փուլերի նախապատրաստման ու անցկացման աշխատանքները, իսկ եզրափակիչ փուլի կայացման անմիջական պատասխանատվությունը կրելու է նախարարության հաստատած մրցավարական հանձնաժողովը։
Խաղերը կանցկացվեն 5 մարզաձևից` շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և դարթս: Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցել միայն մեկ մարզաձևում: Խաղերի 1-ին փուլի մրցումներին առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված տարեցները կպարգևատրվեն համայնքապետարանների հավաստագրերով, 2-րդ փուլի մրցանակակիրները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, եզրափակիչ փուլի մրցանակակիրները՝ հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ ամենատարեց մասնակիցները՝ հուշանվերներով: Այս ամենից զատ՝ 1-3-րդ տեղերը գրաված մարզերը կստանան հավաստագրեր, գավաթներ, շնորհակալագրեր:
Հավելենք, որ խաղերի մասնակցության մարզային հայտերը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվելու մինչև սեպտեմբերի 15-ը։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 59-96-32 հեռախոսահամարով:
Կարծիքներ