ՀՀ ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՀՀ ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին, ըստ գործառութային անհրաժեշտության, հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ժամը 19։00-ի դրությամբ հաշվառվել է 35350 անձ։ Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։

ըստ աղբյուրի՝ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։

Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և պարեկային ծառայության աշխատակիցները իրականացնում են հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, հերթերի կանոնակարգում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, ուղեկցումներ, ինչպես նաև օժանդակում են տեղում աշխատանք իրականացնող մյուս գերատեսչություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում