Մահերի այս շարանը պետք է դադարեցվի, պետության պարտականությունն է ապահովել պատշաճ ճանապարհային երթևեկություն. Թորոսյան
Երեկ տեղի է ունեցել հերթական ահասարսուռ ավտովթարը 6 զոհով, որից 2-ը երեխաներ են։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.
«Բառերն անգամ ավելորդ են նկարագրելու, թե ինչ ենք մենք բոլորս զգում՝ կարդալով զոհերով ավտովթարի հերթական լուրը։ Իսկ վերջին ժամանակներում նման լուրերը գրեթե ամեն օր են։
Մահերի այս շարանը պետք է դադարեցվի և դա պետության պարտականությունն է՝ ապահովելու ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակ, որպեսզի թե՛ ոտքով, թե՛ մեքենայով փողոց դուրս գալիս մեր քաղաքացիները չվտանգեն իրենց կյանքը։
Այդ պարտականությունը պետք է իրականացվի թե՛ վթարների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություններով (ճանապարհների պատշաճ կահավորում նշաններով և այլ տեխնիկական միջոցներով, արագությունների սահմանափակումների սահմանում, պատշաճ լուսավորության ապահովում, մեքենաների տեխզննման պատշաճ համակարգ, ամրագոտիների և երեխաների նստատեղերի համատարած կիրառում և այլն), թե՛ օրինախախտ վարորդների նկատմամբ խիստ պատասխանատվության միջոցների կիրառմամբ՝ այդ թվում խստացնելով այս պահին գործող պատժամիջոցները։
Ոստիկանությունը, իսկ ավելի ճիշտ նորաստեղծ ներքին գործերի նախարարությունը, այլ պետական գերատեսչությունների հետ համատեղ, պետք է անհապաղ սկսի այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի տարեկան մի քանի հարյուր քաղաքացու կյանք փրկվի։
Այս իրավիճակը պարզապես անթույլատրելի է և պետք է շտկվի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 7-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները (ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխա), մահացել են։
Կարծիքներ