Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան, բայց հրդեհների ռիսկը պահպանվում է. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան, բայց հրդեհների ռիսկը պահպանվում է. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հիմնական հացահատիկի դաշտերում հունձի աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով արձանագրված լուրջ վնասներ չկան, բոլոր ահազանգերը հրշեջ-փրկարարների գրագետ գործողությունների շնորհիվ կանխվել են։ Տեղեկացնում  է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ուժեղացված ծառայությանը զուգահեռ հրշեջ-փրկարարները մարզվում են, և կոփում մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները, փորձում օր-օրի առավել լավ արդյունքներ ապահովել և պատրաստ լինել օգնելու, փրկելու և ծառայելու մեր բնակիչներին։

Շրջանի հրշեջ-փրկարար մասի պետ Դավիթ Ջավադյանը դրական է գնահատում հրշեջ-հենակետերում իրականացվող շուրջօրյա ուժեղացված ծառայության ընթացքը, որի արդյունքում կարողացել են առաջադրվող խնդիրները իրականացնել բարձր մակարդակով և ապահովել անկորուստ բերքահավաք։

Հրդեհների հիմնական մասն էլ արձանագրվել է չոր խոտատարածքներում, որոնք գրագետ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են և չեն տարածվել բերքատու այգիներում ու ցանքատարածություններում։

Հրդեհավտանգ ժամանակաշրջանը դեռևս շարունակվում է, այս ընթացքում Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հրդեհի վերաբերյալ ստացվել է 17 հաղորդում, որոնցից մեկը շինությունում, մնացած դեպքերը չոր խոտատարածքներում:

Չնայած հրշեջ-փրկարարների մշտապես զգոն են, ինչպես հրդեհավտանգ շրջանում, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կարևոր է բնակչության կողմից հակահրդեհային նորմերի ու կանոնների պահպանումը և զգոնությունը, մեր իսկ պատասխանատվությամբ բացառենք հրդեհների առաջացումը և խուսափենք հետագա բարդություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում