Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip

Փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 թվականին մասնավորեցված՝ ռազմավարական նշանակություն ունեցող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։
Հատկանշական է, որ այս մասին ավելի վաղ՝ 2024 թվականին դեկտեմբերին, ֆեյսբուքյան գրառում էր արել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
FIP.am-ը գրում է, որ պարզվում է՝ ռազմավարական նշանակության օբյեկտի մասնավորեցման գործում ակտիվ է եղել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Երբ և ինչպես է ՓԲԸ-ն մասնավորեցվել
Ռադիոհեռարձակման կայանը, որը պատկանում է «Ռադիո» ՓԲԸ-ին, հիմնվել է խորհրդային տարիներին՝ 1965 թվականին, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռադիոհեռարձակման կայանին շնորհվել էր հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։
2000-ականների վերջում ընկերությունը հայտնվել էր մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում․ 2010 թ․ դեկտեմբերի 2-ի կառավարության համապատասխան որոշմամբ այն 587․6 մլն դրամ ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված «Եվրոպեսս Գրուպ» կոչվող ընկերությանը:
2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ՓԲԸ մասնավորեցման ընթացքում ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները՝ 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ գնահատվող ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերն առանց մրցույթի՝ 50 տոկոս ցածր գնով օտարելով մասնավոր ընկերության։
Հաղորդագրության մեջ նշվել է, որ «պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել․․․»։ Սակայն չի նշվել՝ ովքեր էին այդ պաշտոնական անձինք։
«Ռադիո» ՓԲԸ-ն օֆշորային ընկերության է վաճառվել
2010-ականներին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալների շտեմարանում հրապարկվել է տեղեկություն, որ «Եվրոպեսս Գրուպ» ՍՊԸ-ն, որին վաճառվել է «Ռադիո» ՓԲԸ-ն, գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, իսկ սեփականատերը ոմն Անուշավան Խաչատրյանն է։
Ըստ շտեմարանի, Խաչատրյանի գրանցման հասցեն Երևանի Դեմիրճյան փողոցում է։
Ինչպես հայտնում են կառավարությունից, Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպեսս Գրուպը» վաճառել է «Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ին․ «Այն տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝ ՀՀ և ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանը, Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները, ամբողջ Եվրոպան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան»։
Ըստ համակարգի տվյալների, ընկերությունն ունի երեք իրական շահառու՝ Արմեն Պետրոսյան՝ 45% մասնակցությամբ, Սուրեն Տողանյան՝ 30%, և Աստղիկ Մելիքջանյան՝ 25% մասնակցությամբ։
Ընկերության որպես գործադիր մարմնի ղեկավարներ են ներկայացված Գագիկ Ալոյանը և Մարինե Անդրեասյանը։
«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ստանալ «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման քրեական գործի կարևոր մանրամասներ։ Պարզվում է, որ ընկերության մասնավորեցման հետևում կանգնած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ըստ քրեական գործի, նա իր մերձավորներից Լեոնիդ Արևշատյանի և ընկերության տնօրեն Գագիկ Ալոյանի մասնակցությամբ է կատարել առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարծիքներ