Իրանում ձերբակալվել է Իսրայելի համար աշխատող ենթադրյալ լրտես
Իրանի իշխանությունները ձերբակալել են ենթադրյալ լրտեսի, որը կասկածվում է Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է IRIB հեռարձակող կորպորացիան՝ հղում կատարելով երկրի տեղեկատվության նախարարությանը (հետախուզություն):
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջանի նահանգում: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ նահանգում ձերբակալվել են ևս մի քանի անձինք, որոնք համագործակցել են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ: Ինչ երկրների մասին է խոսքը, չի նշվում:
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրում Իսրայելի` հետախուզական գործունեություն ծավալելու փորձերի, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած մի շարք քաղաքական սպանություններին այս պետության մասնակցության մասին:
Մարտի 21-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել էր, որ ԱՄՆ և Իսրայելի հետախուզական ծառայությունները փորձում են միջամտել հունիսի 18-ին Իրանում նախատեսված նախագահական ընտրությունների անցկացման գործընթացին:
Կարծիքներ