ՊՇՌ թեստ հանձնելու տասնօրյա ժամկետը քիչ է. Արա Բաբլոյանը բանակի հետ համեմատություն է անում

ՊՇՌ թեստ հանձնելու տասնօրյա ժամկետը քիչ է. Արա Բաբլոյանը բանակի հետ համեմատություն է անում

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը կարծում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն ազգային անվտանգության խնդիր է։

Մարդիկ պարտադիր պետք է պատվաստվեն, իսկ ՊՇՌ թեստը հանձնեն հնարավորինս հաճախակի, որովհետև տասնօրյա ժամկետը բավականին քիչ է, կարծում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։

«Ամեն դեպքում ՊՇՌ թեստը ստիպում է, որ մարդիկ ուղղակի գնան պատվաստման։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է հանրության առողջության և մեծ թվով մահացությունների համար, հետևաբար այնպես չէ, որ ինչ ուզի, այն էլ պետք է անի»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Բաբլոյանի դիտարկմամբ` նույն բանն է, երբ մարդուն ասեն` պետք է գնաս բանակ, իսկ նա պատասխանի` վտանգավոր է, և խուսափի ծառայությունից։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն:

Ըստ նրա` համավարակով պայմանավորված իրավիճակն ազգային անվտանգության խնդիր է, և պատվաստման հարցը չի կարելի դարձնել պրիմիտիվ քննարկումների առարկա։

«Մարդիկ սովորաբար պատվաստվում են իրենց պոլիկլինիկաներում, ընտանեկան բժիշկները խնդիրների առկայության վերաբերյալ հարցեր են ուղղում պատվաստվելուց առաջ, և եթե կան այդպիսի խնդիրներ, քաղաքացիներին ցուցաբերում են համապատասխան մոտեցում»,– ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարը։

Եթե մարդիկ տեղյակ չեն իրենց առողջական խնդիրներից, ապա չպե՞տք է պատվաստվեն։ Եթե աշխարհը նման մոտեցում չի ցուցաբերում, Հայաստանն ինքն իրենո՞վ պետք է հնարի ինչ–որ բան. հռետորական հարցադրումներ արեց Բաբլոյանը։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։

Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում