Նազելի Բաղդասարյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են Շիրակի մարզում սոցիալական ոլորտի ծրագրերը

Նազելի Բաղդասարյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են Շիրակի մարզում սոցիալական ոլորտի ծրագրերը

Համատեղ սոցիալական ծրագրերի իրականացում, համագործակցություն սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

 

«Ինչպես գիտեք Շիրակի մարզը խոցելի մարզերից մեկն է աղքատության և գործազրկության մակարդակով, այնպես որ մեզ համար կարևոր է այդ խնդիրների մեղմացմանը միտված ցանկացած ծրագրի իրականացում։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ես, որպես մարզպետ, հաստատում եմ պատրաստակամությունս համատեղ աշխատանքի։

 

Ինքս կարևորում եմ համագործակցությունը և տարածքային կառավարման, և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, որովհետև փոխգործակցության արդյունքում կկարողանանք հասցեական օգնություն տրամադրել խոցելի խմբերին ու մարդկանց։

 

Կառավարության որդեգրած սկզբունքներն են սոցիալական բնագավառում աշխատել` կարևորելով թափանցիկությունը, մատչելիությունն ու հասանելիությունը»,-ասաց մարզպետը։

 

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և անդրադարձել նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, կարևորելով պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին ու աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր։

 

Համաձայնություն է ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից միջոցներ կուղղվեն Շիրակի մարզ՝ առավել խոցելի խմբերի կարիքների թեթևացման նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում