Կարեն Գիլոյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալի հետ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:
Պայմանավորվածության համաձայն` կանցկացվեն համատեղ հավաքներ, սեմինարներ` խթանելով միջոլորտային փորձի փոխանակումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջալուդ Մոհամեդիի և Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միլոշևիչի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանում միջազգային խոշոր մրցաշարի անցկացման հնարավորությունները:
«Քննարկել ենք ծանրամարտին վերաբերող ընդհանուր հարցեր, ինչպես նաև Հայաստանում խոշոր մրցում անցկացնելու հնարավորությունները: Առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է: Շուտով ընտրություններ կկայանան թե՛ Միջազգային, թե՛ Եվրոպական ֆեդերացիայում: Դրանից հետո պարզ կլինի՝ մենք ինչի կարող ենք հավակնել: Ամեն դեպքում նպատակը 2023 կամ 2024 թվականին Հայաստանում խոշոր մրցում անցկացնելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալն Ուզբեկստանի մայրաքաղաքում հետևում է ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալների համար պայքարում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Կարծիքներ