Ուռուցքաբանը նշել է՝ որ ախտանշաններն են հուշում պարանոցի ու գլխի քաղցկեղի մասին
Գլխի ու պարանոցի քաղցկեղը ենթադրում է չարորակ նորագոյացությունների առաջացում բերանի խոռոչում, կոկորդում, ըմպանում, կերակրափողի պարանոցային հատվածում, քթի խոռոչում ու հարակից խոռոչներում, ինչպես նաև թքագեղձերում։ Սա շատ վտանգավոր հիվանդություն է և ժամանակին բուժումը չսկսելու դեպքում կարող է դառնալ մահվան պատճառ, սակայն հաճախ մարդիկ չեն նկատում այս հիվանդության մասին հուշող ախտանշանները, ինչը շատ վատ հետևանքներ է ունենում։
Բժիշկ-ուռուցքաբան Նիկոլայ Կրիվոնոսը «Московская медицина» պարբերականի հետ զրույցում նշել է այն ախտանշանները, որոնք հուշում են քաղցկեղի այս տեսակի զարգացման մասին։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել բերանի խոռոչի վիճակին։
«Հիմնական ախտանշանների շարքին են դասվում բերանի խոռոչի բորբոքումները, խոցերի առաջացում, բերանի խոռոչում կարմիր կամ գունատ բծերի առկայությունը։ Բացի այդ, անհանգստության պատճառ պետք է լինեն նաև ձայնի խռպոտացումը, քթի փակվածությունը, կոկորդի, լեզվի կամ ականջի ցավը կլման ժամանակ», - նշում է մասնագետը։
Եթե վերոնշյալ ախտանշանները չեն անհետանում երեք շաբաթ կամ ավելի, ապա մասնագետը խորհուրդ է տալիս դմել բշկին ու բուժզննում անցնել։ Բացի այդ, նա նախազգուշացնում է, որ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է տղամարդկանց մոտ, քանի որ նրանք ավելի հաճախ են ծխախոտ օգտագործում և ընդունում թունդ ալկոհոլային ըմպելիքներ։
Կարծիքներ