Տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Ինչպես FreeNews-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Նրանք փոխադարձ պայմանավորվածությամբ նույն թաղամասում գտնվող խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան, որտեղ միասին խմել են գնած օղին: Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` գլխին` պատճառելով բաց, բութ գանգուղեղային վնասվածք, որից հետո հեռացել է, իսկ 54-ամյա տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ըստ աղբյուրի՝ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել։
«Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ