ԱՀ նախագահ Հարությունյանը «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենի հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։
Ինչպես FreeNews-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները:
«Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
Կարծիքներ