ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել
Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել։ Այս մասին տեղեկանում ենք «Հանուն որակյալ կրթության» ՀԿ ֆեյսբուքյան էջից։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել
Գրիշա Թամրազյանը, որը, լինելով Հայաստանի բարձրագույն կրթության ամենաբարձր պաշտոնյան, միայն Դիանա Գալոյանին հովանավորելու աղմուկից հետո հայտնի դարձավ, որոշել է, որ այժմ երկարատև արձակուրդ գնալու ժամանակն է:
Բարձրագույն կրթության բարձրագույն պաշտոնյան շուրջ մեկ ամսով արձակուրդի է մեկնել և մինչև սեպտեմբեր բացակայելու է, երբ իր ոլորտում և իր անձի շուրջ ձևավորվել է հետևյալ վիճակը՝
▪️Փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել և ընթացքի մեջ է:
▪️Ամենամեծ համալսարանում՝ ԵՊՀ-ում, քաոս է, որովհետև հոգաբարձուների խորհուրդն արդեն 5 ամիս գոյություն չունի, որը պետք է ռեկտոր ընտրեր:
▪️Տնտեսագիտական համալսարանում իսկական կոլապս է, որովհետև ռեկտորի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներով, որի արդյունքները Կառավարությունն իրավունք չունի հաստատելու, իսկ գործը քննվում է դատարանում:
▪️Ընդունելության քննությունները ձախողվել են, մի քանի հարյուր ուսանողների իրավունքները խախտվել են, որովհետև քննությունների կարգը և ցանկը հակասել են օրենքներին, իսկ կարգը անվավեր ճանաչելու գործն այժմ դատարանում է:
▪️Վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց հետևանքով բարձրագույն կրթության ոլորտը մահամերձ վիճակում է:
Կա 2 տարբերակ. կա’մ աղմկահարույց դեպքերի զարգացումներից փախուստի մի ձև է նախարարի համաձայնությամբ, կա’մ Հայաստանի ապագան հետևողականորեն կործանելու համար ոլորտից գաղափար չունեցող փոխնախարարը հանգստի կարիք է ունեցել, որ նոր եռանդով շարունակի իր սև գործը»:
Կարծիքներ