ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատվաստումների միջազգային պլան մշակել
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստումների միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կիսամյակում պատվաստվի աշխարհի բնակչության առնվազն 70%-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Փարիզի խաղաղության ֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
«Մեզ անհրաժեշտ է պատվաստումների միջազգային պլան, որը առնվազն կկրկնապատկի պատվաստանյութերի արտադրության և բաշխման տեմպերը՝ 2022 թվականի առաջին կիսամյակում պատվաստումների 70 տոկոսի հասնելու համար», - ասել է նա։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ կորոնավիրուսը մեծացրել է աշխարհում անհավասարությունը, և այն, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ դեռ սպասում են իրենց առաջին կորոնավիրուսային պատվաստմանը, նա անվանել է «բարոյական սխալ»։
Համաշխարհային պատվաստումը խթանելու համար ՄԱԿ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծել են COVAX մեխանիզմը, որի համար պետությունները տրամադրում են իրենց արտադրած պատվաստանյութերը, որոնք այնուհետև ուղարկվում են դրանց կարիք ունեցող երկրներ։ ՄԱԿ-ը բազմիցս նշել է, որ արտադրող երկրները բավարար դեղամիջոցներ չեն տրամադրում աշխարհում, հատկապես աֆրիկյան երկրներում, պատվաստումների պահանջվող տեմպերն ապահովելու համար։
Կարծիքներ