ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:
Տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որը հունիսի 20-ի իր որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:
ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։
Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ