Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մասնակցել Արցախին օժանդակություն ցուցաբերելուն և մշակութային ժառանգության պահպանմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավար ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախի հարցի կարգավորմանը: Նա ասել է, որ պատերազմը հնարավոր է եղել դադարեցնել Մոսկվայի անմիջական միջնորդական ջանքերի շնորհիվ: «Միաժամանակ ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Իսկ այդ ձևաչափը միջազգային համագործակցության շատ լավ օրինակներից մեկն է»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու և հումանիտար խնդիրները լուծելու համար։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերին հաջողվել է հասնել եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությանը, որը, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է։
«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել կրակի լիակատար դադարեցմանն ու սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակից երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը»,- ասել է Պուտինը:
Կարծիքներ