Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:
2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18։00-ը, հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:
Առարկաներ
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կկազմվի մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները կներառվեն մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար պետք է ընտրեն բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:
«Ֆիզկուլտուրա» առարկայից ատեստավորումը կկազմակերպվի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը, «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաներից՝ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաև ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացնի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Պահանջվող փաստաթղթեր
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
ուսուցչի անուն, ազգանուն, հայրանուն,
ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել,
անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
ուսուցչի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը:
Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը
Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:
Կարծիքներ