ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու նախագծին
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է վերացնել երկրում ռազմական դրությունը: Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանը:
«ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020-ի նոյեմբերի 10-ին՝ այն բանից հետո, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրվել էր հայտարարություն, որի մասին մենք բոլորս գիտենք»,-ասաց Աբովյանը:
Նա հիշեցրեց եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի մասին, հատկապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար խաղաղապահ կենտրոնի մասին: «Հաշի առնելով նշյալ իրողությունները՝ առաջարկում ենք վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»,-նշեց նա:
Պատգամավորը խոսեց նաև ներքաղաքական վիճակի, զարգացումների մասին, ըստ նրա՝ գործող ռազմական դրությունը ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին, հանդիսանում է շատ լուրջ խոչընդոտ՝ քաղաքական բոլոր զարգացումներին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ռազմական դրության՝ քաղաքական զարգացումներին խանգարելու մտքին, նշեց, որ Բաղրամյան փողոցը փակ է, Դեմիրճյան փողոցը փակ է: «Ինչքան ուզում են միտինգ են անում: Այդ առումով քաղաքական խոչընդոտ կա՞, թե մենք վերջին հաշվով ռազմական դրությունը մեղմացրել ենք ինչ-որ չափով, կառավարությունը որոշ դրույթներ կասեցրել է»,-հարցրեց նա ու հետաքրքրվեց, թե խոչընդոտներն ինչպիսին են:
Աբովյանը արձագանքեց՝ վերահաստատելով, որ խոչընդոտում է: «Խնդիրը նրանում է, որ գոյություն ունի իրավական որոշակի քայլերի տրամաբանություն, օրինակ վարչապետի հրաժարականի մասով հարցը, դա ռազմական դրության կիրառման ժամանակ պարզապես հնարավոր չէ, քանի որ օրենքն արգելում է»,-ասաց նա ու հավելեց, որ ռազմական դրության ժամանակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ևս հնարավոր չէ անցկացնել:
«Իմ քայլը»-ից Արմեն Խաչատրյանն ասաց. «Մենք ինչո՞ւ չենք ասում, թե ինչու է ռազմական դրությունը մտցվել, ինչո՞ւ չենք ասում, որ տարածաշրջանում իրականացվում են զորավարժություններ հայտնի պետություններում, ինչո՞ւ չենք ասում, որ ՀՀ-ում ևս արդեն սկսում են իրականացվել մասշտաբային զորավարժություններ, ինչո՞ւ չենք ասում, որ սահմանային բազմաթիվ խնդիրներ կան, բանակի վերակազմավորման շատ արագ գործընթացներ են ընթանում, և բնականաբար ռազմական դրության պահպանումը կապված է այս հանգամանքների հետ: Պետք է սպասել, որ երկրի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները սահմանված ժամկետում ներկայացնեն այդ առաջարկը»:
Ըստ նրա՝ ինքը տեսնում է, որ ընդդիմադիրների նախագծի և կառավարության որոշման միջև տարբերությունը կարող է տևել 7-10 օր: Պատգամավորը կարծում է, որ կառավարությունը կնախաձեռնի ռազմական դրությունը վերացնելու նախագիծ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ակնհայտ համարեց, որ ռազմական դրության կարիք չկա: «Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել ռազմական դրության ժամանակ….ՏԻՄ ընտրություններ կան, որոնք չեն իրականացվում ռազմական դրության պատճառով…»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով:
Նախագիծը քվեարկությամբ բացասական եզրակացություն ստացավ:
Կարծիքներ