Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը կհնչի Հայաստանում
Յոհան Սեբաստիան Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոյին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներն են սոպրանո Յոհանա Վինքելը (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա), տենոր Բենեդիքթ Հայմեսը (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյը (Միացյալ Թագավորություն)։ Դիրիժորը Ֆրից Կրեմերն է (Գերմանիա)։
Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության գերագույն նվաճումներից մեկը։ Կոմպոզիցիան ավարտվել է 1749 թվականին՝ կոմպոզիտորի մահից մեկ տարի առաջ, և մեծ մասամբ հիմնված է եղել ավելի վաղ ստեղծագործությունների վրա։ Կոմպոզիցիայի առավել անսովոր բնութագրիչներից է նրա մասշտաբը. կատարման ընդհանուր ժամանակը մոտ երկու ժամ է։ Այս ստեղծագործությունը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չի կատարվել Բախի կենդանության օրոք: Ամենավաղ վավերագրված ամբողջական կատարումը տեղի է ունեցել 1859 թվականին: Տասնյակ ձայնագրություններ այն դարձրել են Բախի ամենահայտնի վոկալ ստեղծագործություններից:
2015 թվականին «Սի մինոր Մեսսա»-ի՝ Բախի անձնական ձեռագիրը, որը պահվում էր Բեռլինի պետական գրադարանում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում, որը մշակութային նշանակություն ունեցող փաստաթղթերն ու ձեռագրերը պահպանելու ծրագիր է:
Կարծիքներ