Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել Կապիտոլիումում տեղի ունեցած ցույցերից հետո
ԱՄՆ առևտրի նախարարի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոն Կոստելյոն հրաժարական է ներկայացրել Կապիտոլիումի շենքի գրոհից և նախագահ Թրամփի՝ ցուցարարներին ուղղված հայտարարությունից հետո:
Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով նախագահական վարչակազմի բաձրաստիճան պաշտոնյային, Կոստելյոյի հրաժարականը գուցե վերջինը չլինի: Պաշտոնյաների հրաժարականի պատճառ է դարձել նախօրեին տեղի ունեցած ցույցերը վերահսկելու հարցում Թրամփի անհաջողությունը:
Ավելի վաղ մի քանի պաշտոնյաներ ևս դիմում են ներկայացրել պաշտոնից հրաժարվելու մասին: Fox News-ի տվյալներով՝ նրանց թվում են ԱՄՆ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար, Սպիտակ տան նախկին խոսնակ Ստեֆանի Գրիշեմը, Սպիտակ տան փոխխոսնակ Սառա Մեթյուսը, արձանագրությունների հարցերով քարտուղար Ռիկի Նիչետան և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
Կարծիքներ