Նիդերլանդացի գործարարներին են ներկայացվել Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Նոյեմբերի 29-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցել է Միջազգային քրիստոնեական խորհրդի կազմակերպած՝ գործարարների հետ աշխատանքային ճաշին։
Դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրել է հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերլանդացի գործարարներին պատմել է իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերել հետևել իր օրինակին։
Միջոցառման կազմակերպիչ, Միջազգային քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրել է հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։
Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի՝ դեսպան Բալայանը վերջիններիս հանձնել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։
Կարծիքներ