ՄԱԶԾ և ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի դիմող անձանց վերապատրաստումը
ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Եվրամիության համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի դիմող անձանց մասնագիտական վերապատրաստման գործընթացը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
«Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում։
Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։
Կազմակերպությունները նաև ազատ են ընտրելու, թե ինչ տևողությամբ, ձևաչափով (առցանց կամ առդեմ) և ծավալով կրթական ծրագիր են նախատեսում իրականացնել՝ պայմանով, որ դրա տևողությունը չգերազանցի հինգ ամիսը։
Ծրագրին կարող է դիմել և աջակցություն ստանալ աշխատուժի կարիք ունեցող, ինչպես նաև աշխատանքի կրթական ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն. ընդ որում՝ վերջիններս կարող են դիմել առանձին կամ համատեղ և ըստ արդյունքի ստանալ ֆինանսավորում՝ քաղաքացիների վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:
Կազմակերպությունները կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ աշխատակիցներ վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու համար, բացառությամբ՝ զինվորական մասնագիտությունների։
Ավելին իմանալու և Ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/exER2 (անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում):
Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 29»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում։
Կարծիքներ