Ճապոնիայի ԱԳՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հնարավոր կտրուկ փոփոխությամբ

Ճապոնիայի ԱԳՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հնարավոր կտրուկ փոփոխությամբ

Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել՝ չնայած շահագրգիռ երկրների դիվանագիտական ​​ջանքերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը երեքշաբթի օրը հերթական մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։

«Չնայած շահագրգիռ երկրների դիվանագիտական ​​ջանքերին, կա հավանականություն, որ իրավիճակը Ուկրաինայի շուրջ կարող է կտրուկ փոխվել»,- ասել է նա։

Հայաշին ընդգծել է, որ Ճապոնիան հետևողականորեն հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին և ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը շարունակելու սերտ համագործակցությունը, որի նպատակն է կանխել ռուսական ներխուժումը Ուկրաինա։ «Այս հարցում մենք կշարունակենք սերտ համագործակցությունը միջազգային հանրության, առաջին հերթին G7 երկրների հետ»,- կրկնել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։

Հայաշին նաև հիշեցրել է Ուկրաինայում գտնվող Ճապոնիայի քաղաքացիներին հունվարի վերջին արված կոչը՝ որքան հնարավոր է շուտ լքել երկրի տարածքը։ «Արտասահմանում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում