Ընդամենը երեք օրում 6 սուտ Արթուր Դանիելյանի կողմից

Ընդամենը երեք օրում 6 սուտ Արթուր Դանիելյանի կողմից

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Դանիելյանը վերջին երեք օրվա ընթացքում կատարել է մեկ տասնյակից ավել ապատեղեկատվություն պարունակող գրառում Արցախի շփման գծում եղած իրավիճակի վերաբերյալ։

«(1)․․․Կա երկու զոհ․․․ (2)Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են գնում»:

Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 14-ին գրանցված միջադեպի առնչությամբ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է վեց զինծառայող, իսկ ՊԲ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը հայտնել էր, որ հայկական կողմը զոհեր չունի: ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել, սակայն մարտական գործողությունների, առավելևս՝ շփման գծի ամբողջ երկայնքով ընթացող մարտերի մասին որևէ փաստ առկա չէ։

Իր գրառման մեջ Արթուր Դանիելյանը հրապարակել է կեղծ տեղեկատվություն երկու զոհի և շփման գծի ողջ երկայնքով ընթացող մարտերի վերաբերյալ։

«(3)․․․Էսօր Նոր Շենի մոտ պատերազմում պահածը թուրքերը գրավեցին»:

Արցախի ՊԲ-ն Նոր Շենի մոտ տեղակայված հենակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնել էր, որ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

Արթուր Դանիելյանի հրապարակման մեջ կա կեղծ տեղեկատվություն հայկական կողմի դիրքային կորստի մասին։

«(4)․․․Առավոտյան միջադեպի արդյունքում կա մեկ վիրավոր»:

Սանիտարական մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցների մասին Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Արթուր Դանիելյանի գրառումների մեջ եղած պնդումները, թե սանիտարական մեքենայի գնդակոծման հետևանքով կա մեկ վիրավոր, չի համապատասխանում իրականությանը։

«(5)Արցախի Հարավ գյուղին կից դիրքերը էս պահին նորից գնդակոծվում են․․․ Մարտակերտի դիրքը․․․դեռ կրակահերթերի տակ է»:

Արթուր Դանիելյանի տվյալ հրապարակումների և դրա տարածումների վերաբերյալ Արցախի ՊԲ-ն տարածել է հայտարարություն, որ այն չի համապատասխանում իրականությանը, դիրքերի գնդակոծում չի արձանագրվել։ Օգտատիրոջ այս հրապարակումները ևս ապատեղեկատվություն են։

«(6)․․․Ուրեմն ՊԲ 5րդ ՊՇ (Մարտակերտի) 4րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյսլը) է հիմա փաստացի պաշարված․․․»:

Օգտատիրոջ այս գրառման վերաբերյալ ևս ՊԲ-ն տարածել է հայտարարություն, որ «պաշարված»  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ունեն մանիպուլյատիվ բնույթ։ Պետք է նկատել, որ «պաշարված» դիրք լինելու հանգամանքը եթե լիներ իրականություն, ապա թեկուզ պաշտոնապես չհաստատվելու դեպքում դա անպայմանորեն կտարածվեր այլ՝ ավելի վստահելի աղբյուրներով կամ կարձանագրվեր խաղաղապահների կողմից, ինչը մինչ այժմ տեղի չի ունեցել։

Արթուր Դանիելյանի այս գրառումներում և դրանց մետաստազներում ևս առկա են կեղծ ու հորինված տեղեկություններ։

Այսպիսով, ամփոփելով կարող ենք արձանագրել, որ զգալի թվով հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Դանիելյանը վերջին 3 օրերի ընթացքում կատարել է ապատեղեկատվություն պարունակող 10-ից ավել գրառում և դրանց միջոցով տարածել է թվով 6 սուտ։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում