120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտել է, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին համապատասխան չէ։

Ապա պատգամավորը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ, եթե «հայկական կողմը չի ուզում նրանց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա իրենց սահմանները կլինեն այնտեղ, որտեղ կուզեն»։

«Կներեք, բայց սա Եվրոպայի խորհրդի հռետորաբանություն չէ, սա Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություն չի կարելի համարել։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, այս վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի ներքո, սովի են մատնվում։ Եվ մենք միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի»,-ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է՝ կազմակերպությունը պետք է ունենա նույն ստանդարտները բոլոր երկրների նկատմամբ, քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք պաշտպանված են եվրոպական կոնվենցիայով, պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները և պետք է օգտվեն ժողովրդավարության արժեքներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում