Երբ ավարտվի 3-րդ էլեկտրագծի շինարարությունը, Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ վերցնել Իրանից. Փաշինյան

Երբ ավարտվի 3-րդ էլեկտրագծի շինարարությունը, Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ վերցնել Իրանից. Փաշինյան

Հայաստանը Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո պատրաստ է ավելի շատ գազ վերցնել Իրանից՝ հետո Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

Անդրադառնալով Իրանում ստորագրված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման հուշագրին ՝ վարչապետն ասաց. «Պայմանագրի էությունն այն է, որ մենք Իրանից գազ ենք վերցնում, էլեկտրաէներգիա ենք արտադրում այդ գազով և վերադարձնում ենք էլեկտրաէներգիան Իրանին՝ իհարկե, որոշ գործակիցներով, որպեսզի շահավետ լինի: Հիմա գործնականում այն էլեկտրագծերը, որոնք կան Հայաստանի և Իրանի միջև, ամբողջությամբ ծանրաբեռված են: Եվ որպեսզի մենք ավելի շատ գազ կարողանանք սպառել էլեկտրաէներգիա արտադրելու համար, պետք է ավելի շատ դեպի Իրան արտահանելու հնարավորություն ունենանք: Իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո: Երբ ավարտվի շինարարությունը, իհարկե, ավելի շատ գազ պատրաստ կլինենք վերցնել, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք Իրանին»:

Անդրադառնալով հարցին, թե դա հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին բացասական քայլ չի՞ դիտարկվի՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ստացած գազով էլեկտրաէներգիա է արտադրում և դա վերադարձնում Իրանին, մի մասն էլ օգտագործում է ներքին կարիքների համար: «Այդ համակարգը կա, Ռուսաստանի հետ որևէ հակասություն չկա»,-նշեց վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Իրանի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների լուծման հարցում ՝ վարչապետն ասաց, որ Իրանը միջազգային ու տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է: «Եվ նաև այս է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր  գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում