ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ կոնգրեսում ընտրությունները, 2024-ին նախագահի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:
Ըստ Փաշինյանի՝ այն քաղաքական դասավորությունը, որ 2020 թվականի դրությամբ կար ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի իրավիճակի վրա:
«Նախագահ Թրամփի ադմինիստրացիան, կարծես թե, արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր Միացյալ Նահանգների՝ իզոլիացիոնիստական ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Եվ, իհարկե, այդ ազդեցությունները կան, այդ ազդեցությունները շատ կոնկրետ են, բայց մենք հույս ունենք և ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում: Եվ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,-ընդգծել է վարչապետը:
Կարծիքներ