Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշանավորել է նրա անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում:
Այդ բանաձեւերը կարեւոր պահանջներ են պարունակում Ադրբեջանի դեմ՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Խոսելով Սլովակիայի միջխորհրդարանական համագործակցության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այս տարի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունը կշարունակի ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:
Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, արցախահայության իրավունքների մասին: «Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին եւ շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների եւ չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից եւ հստակ կարող են ասել, որ դա ամենեւին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, եւ պատրաստակամություն է հայտնել հետեւողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ:
Կարծիքներ