Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում. կարկուտի շերտը հասել է 5սմ-ի

Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում. կարկուտի շերտը հասել է 5սմ-ի

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։

Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։
Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում։

Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։ Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում