Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

CNN հեռուստաալիքը ցուցադրել է այն դիմանկարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմանկարի հեղինակը ռուս ճանաչված նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է։

Նկարը Վաշինգտոն է հասցվել դեռ այս տարվա մարտին՝ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջոցով։ Ուիթքոֆը դիմանկարը ներկայացրել է որպես «հրաշալի աշխատանք» և նշել է, որ Թրամփը «շատ հուզված է եղել»։ Այս մասին նա պատմել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։

Դիմանկարում Թրամփը պատկերված է ԱՄՆ դրոշի և Ազատության արձանի ֆոնի վրա՝ վեր պարզած, բռունցքով սեղմված ձեռքով։ Այդ ժեստը հիշեցնում է 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայում նրա դեմ իրականացված մահափորձից հետո արված հայտնի լուսանկարը, որը լայնորեն օգտագործվել է Թրամփի նախընտրական արշավի ընթացքում։

Նկարիչ Նիկաս Սաֆրոնովը հաստատել է, որ դիմանկարը իր աշխատանքն է։ 

CNN-ին տված մեկնաբանությունում նա նշել է, որ սկզբում տեղյակ չի եղել, թե նկարը պատրաստվում է Կրեմլի պատվերով։ 

«Երբ սկսեցի աշխատել դիմանկարի վրա, հասկացա, որ այն կարող է մերձեցնել մեր երկրները, ուստի որոշեցի դրա համար գումար չվերցնել, քանի որ կասկածում էի, թե ինչ նպատակով է այն ստեղծվում»,- ասել է Սաֆրոնովը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում