Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը ՄԻՊ-ը ներկայացրել է գերիների վերադարձի հարցը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը ՄԻՊ-ը ներկայացրել է գերիների վերադարձի հարցը

Գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը

-------------------------------------

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Գլխավոր գործոններից է այն, որ այդ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։

Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Ավելին, նա ընդգծել է, որ նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:

Հանդիպմանը կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող այլ հարցեր ևս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում