Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունեցել ենք կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը:
Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ անցնել: Նախարարը հորդորեց ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են երեխաներին, նաև քրոնիկ հիվանդներին:
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ:
Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:
Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ