Գյումրիում քննարկվել են մշակույթի ոլորտի զարգացման ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերաշրջանի բացմանը: Այն մեկնարկել է Ուիլյամ Ուորթոնի «Շարքային թռչնակը» համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղով։ Ներկայացումից հետո Դանիել Դանիելյանը ծանոթացել է թատրոնի անձնակազմի անդամների հետ, քննարկվել են թատրոնի զարգացման ծրագրերն ու հնարավոր քայլերը:
Այցի ընթացքում Դանիել Դանիելյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Դանիել Դանիելյանն այցելել է նաև Շիրակի մարզային գրադարան և Արշակ Բրուտյանի անվան Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոց, որտեղ հանդիպել է այդ կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ:
Գյումրի այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրու կամերային երգչախմբի տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Անդրադարձ է կատարվել վերջիններիս կողմից ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային միջոցառումներին ներգրավված լինելու, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու հարցերին:
Կարծիքներ