Ճապոնիայում գործարկվել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը

Ճապոնիայում գործարկվել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը

Երեքշաբթի Կոբե քաղաքում գտնվող Ճապոնիայի բնական գիտությունների պետական ​​ինստիտուտի (Ռիկեն) հաշվարկային կենտրոնում տեղի է ունեցել աշխարհի ամենաարագ գերհամակարգչի` «Ֆուգակու»-ի լիարժեք գործարկմանը նվիրված արարողությունը:

Իսզբանե դա պետք է տեղի ունենար ապրիլին, սակայն որոշվեց արագացնել գործընթացը, այդ թվում նաեւ` կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:

«Ֆուգակու»-ն մասամբ գործարկվել էր 2020 թվականի ապրիլին: Հունիսին այն աշխարհի ամենաարագն էր ճանաչվել «Top-500» միջազգային նախագծի փորձագետների կողմից, ովքեր որոշում են, թե որոնք են մոլորակի ամենահզոր գերհամակարգիչները: Նոյեմբերին այս կարգավիճակը վերահաստատվել էր: «Ֆուգակու»-ն առաջին տեղն է զբաղեցրել նաեւ մյուս երեք անվանակարգերում` լավագույն ցուցանիշները ցույց տալով արդյունաբերության, արհեստական ​​ինտելեկտի ոլորտում եւ մեծ թվերի վերլուծության մեջ:

Այս գերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu Electrical Corporation-ի կողմից` Ռիկենի մասնագետների հետ համատեղ: Այն ունակ է վայրկյանում ավելի քան 415 քվադրիլիոն հաշվարկներ անել: Դա մոտ 2.8 անգամ գերազանցում է Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ազգային լաբորատորիայի Summit գերհամակարգչի արագությունը, որն ավելի վաղ զբաղեցնում էր վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ այժմ հայտնվել է երկրորդ տեղում: Երրորդ տեղը եւս ամերիկյան գերհամակարգիչ է զբաղեցնում, իսկ չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են մեքենաները Չինաստանից:

Ներկայումս «Ֆուգակու»-ն ներգրավվելու է ավելի քան հարյուր տարբեր հետազոտությունների մեջ. համավարակի խնդիրներից բացի, դրանք կապված են, մասնավորապես, արհեստական ինտելեկտի եւ եղանակի կանխատեսման ոլորտում մշակումների հետ: «Ֆուգակու»-ն ճապոնացիների համար սուրբ Ֆուձի լեռան անվանումներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում