Կոնդեցիներին անհատույց տրվելու են սեփականության նոր վկայականներ․ Կոստանյան

Կոնդեցիներին անհատույց տրվելու են սեփականության նոր վկայականներ․ Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Օրագիր նյուզ» կայքի մեր գործընկերների մտքի թռիչքը. այսօր իրենց կողմից հրապարակված Կոնդի վերակառուցման ծրագրի հիմքում առաջ են քաշում, ըստ իրենց տեղեկությունների՝ կարծիք, համաձայն որի՝ մեջբերում․ «Կոնդն օտարելով՝ Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի հերթական պահանջը։ Մեզ հայտնի դարձավ, որ թաղամասի վերակառուցման անվան տակ նախատեսվում է Կոնդում ադրբեջանցիների «վերաբնակցնել», որի դիմաց Ադրբեջանը պետք է թույլատրի արցախցիների որոշ խմբի վերադառնալ իրենց հայրենիք»։ Ինչպես ասում են, դատողությունները թողնում ենք ձեզ:

Իրականում՝ Կոնդի վերակառուցման նախագծի հիմքում ոչ բարվոք բնակֆոնդի փոխարեն հանրային գերակա շահ ճանաչելու արդյունքում քաղաքաշինական նոր ծրագիր իրագործելն է: Սա ենթադրում է քաղաքացիների գույքի օտարում՝ փոխհատուցումով, այսինքն օրենքով սահմանված շուկայական արժեք՝ գումարած 15 տոկոս: Որպեսզի որոշվի կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը, անհրաժեշտ է, որ սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները վերացվեն: Ներկայումս առկա է հետևյալ պատկերը. Կոնդում կան բնակիչներ, որոնք ունեն սեփականության վկայական x քմ-ի համար, բայց փաստացի՝ տիրապետում են նաև Y քմ տարածքի, որն իրենց սեփականության վկայականում արտացոլված չէ: 

Կան դեպքեր, երբ հարևանների միջև նույն տարածքների հանդեպ վեճեր են առաջացել: Հետագայում, որպեսզի օտարման պրոցեսում տարաձայնություններ չլինեն, որոշվել է ճշգրտել Կոնդի բնակիչների հողամասերի սահմանները և վերականգնել հողահատկացման հիմքերը: Այս ամբողջ գործընթացը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը և իրականացնում է բնակիչների դիմումների հիման վրա՝ համապատասխան մարմիններից, ինչպես նաև տարածքի բնակիչներից ըստ անհրաժեշտության հավաքագրելով արխիվային տվյալներ կամ փաստաթղթեր: 

Ըստ այդմ էլ, անհատույց տրվելու են սեփականության նոր վկայականներ՝ փաստացի տիրապետած տարածքի և գույքի վերաբերյալ: Նոր վկայականների տրամադրումն անհատույց է, քանի որ այն իրականացվում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համատեքստում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում